ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսօր` Ժամը 10.00-ի դրությամբ, «Դիմադրություն» շարժման անդամներից 70-ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Լարվածությունը մեծ էր հատկապես Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներում։
Ցուցարարների մեջ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։