ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բացահայտել է Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի բովանդակությունը: Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները կտարածվեն ռուսական նավթի ներկրման վրա։ Մի շարք բանկեր կանջատվեն SWIFT վճարային համակարգից: Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի «ապատեղեկատվության» համար։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, որի նպատակն է ավելի շատ բանկեր անջատել են SWIFT-ից, ապատեղեկատվությանը մասնակցող անձանց ցանկ կազմել ու նավթի ներմուծման միջոցներ ձեռնարկել»,- գրել է Բորելը:
Նա նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կներկայացվի ԵՄ խորհրդի հաստատմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։