«Ազովի» գրոհայիններն օգտվել են լռության ռեժիմից ու կրակային դիրքեր զբաղեցրել. ՌԴ ՊՆ

Մարիուպոլ
Ռուսական բանակի և ԴԺՀ-ի ստորաբաժանումները ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի կրակային դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Ազովստալ» գործարանում գտնվող «Ազով» ազգայնական գումարտակի գրոհայինները (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) և ուկրաինական զորքերը օգտվել են լռության ռեժիմից և կրակային դիրքեր զբաղեցրել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Վադիմ Աստաֆևը:

«Հրադադարի ռեժիմ էր հայտարարվել, որպեսզի խաղաղ քաղաքացիները տարհանվեն «Ազովստալի» տարածքից։ Դրանից օգտվել են ազովցիները և Ուկրաինայի զինված ուժերը, որոնք գտնվում են գործարանի տարածքում։ Նրանք դուրս են եկել նկուղներից, կրակային դիրքեր զբաղեցրել գործարանի տարածքում և շենքերում։ Այժմ ռուսական բանակի և ԴԺՀ-ի ստորաբաժանումները՝ կիրառելով հրետանին և ավիացիան, սկսում են ոչնչացնել այդ կրակային դիրքերը»,- ասել է նա։

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը իրադարձությունների վայրից հայտնում է, որ «Ազովստալում» հրետանային կրակոցների ձայներ են լսվում, գործարանի տարածքի վերևում ծխի սյուներ են երևում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։