Ավստրիայի արտգործնախարարը խոսել է ԵՄ հարևանների հետ հարաբերությունների վերանայման մասին

Շալենբերգի խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունների կառուցման հարցում ԵՄ-ն չպետք է «հաշվարկներով առաջնորդվի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ ԵՄ-ն պետք է վերանայի հարևան երկրների հետ հարաբերությունների հայեցակարգը։ Նրա կարծիքով՝ «Արևելյան գործընկերությունն» այլևս չի աշխատում: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին տված հարցազրույցում։

«Մեր մշակած «Արևելյան գործընկերությունը» չի աշխատում։ Այն չկա։ Մենք պետք է վերանայենք ԵՄ հարևանության քաղաքականության ամբողջ հայեցակարգը»,- նշել է Շալենբերգը։

Նրա խոսքով` ԵՄ-ն այլևս չի կարող սահմանափակվել հարևան երկրների նկատմամբ կիսատ-պռատ միջոցառումներով։
«Վակուում չկա։ Դա կա՛մ մեր մոդելն է, կա՛մ մեկ ուրիշինը»,- հավելել է նա՝ նկարագրելով սահմանամերձ պետությունների, մասնավորապես` Ուկրաինայի և Մոլդովայի ապագան։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Բրյուսելին կոչ է արել ԵՄ-ին անդամակցելու հարցում «չառաջնորդվել հաշվարկներով, օրենքներով և մանրամասնություններով», այլ ընդունել, որ նոր երկրների միացումը պետք է դիտարկել որպես «Ռուսաստանի կործանարար ազդեցության դեմ պայքարի» անհրաժեշտություն:
«Արևելյան գործընկերություն» նախագիծը մեկնարկել է 2009 թվականին՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման նպատակով: