Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց յուրայիններին՝ իրեն սխալ դիմելու համար

Նա պահանջեց դիմել «հարգելի՛ ԱԺ նախագահ» և «հարգելի՛ փոխնախագահ», «հարգելի՛ պատգամավոր» դիմելաձևերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանի նիստի ընթացքում նկատողություն արեց նիստին ներկա իր քաղաքական թիմի անդամ պատգամավորներին ու փոխնախարարներին։
«Հարգելի՛ կառավարության գործընկերներ, հարգելի՛ պատգամավորներ, ասել «հարգելի՛ նախագահություն» և «հարգելի՛ նախագահող», այդքան էլ ճիշտ չէ։ «Հարգելի՛ ԱԺ նախագահ» և «հարգելի՛ փոխնախագահ», «հարգելի՛ պատգամավոր»։ «Նախագահող» և «նախագահություն» ասելը ճիշտ չէ։ Խնդրում եմ հետայսու ուշադիր լինել»։
Մեկնարկել է ԱԺ քառօրյան, նիստին ներկա է միայն ՔՊ–ն. ընդդիմությունը փողոցում է
Նշենք, որ այս նկատողությունը Սիմոնյանն արեց, երբ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանն իրենց ելույթներում օգտագործեցին «հարգելի՛ նախագահություն» և «հարգելի՛ նախագահող» արտահայտությունները՝ դիմելով նիստը նախագահող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու փոխնախագահ Հակոբ Արշակյանին։
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նիստերի քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։
Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան։