Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Տիգրան Աբրահամյանին

Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
Այս պահին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երևանի կենտրոնական փողոցները փակած ցուցարարներին։

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։ Այստեղ շուրջ տասնյակ ցուցարարների բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները փորձեցին նույնն անել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի նկատմամբ։ Սակայն ցուցարարների խմբից նրան դուրս բերելուց հետո տեղում աշխատող ոստիկանները վերադասից ցուցում ստացան պատգամավորին բերման չենթարկել։

Գրեթե նույն սցենարը կրկնվեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պարագայում, որի հետ կարճ զրույցից հետո ոստիկանները նրան բաց թողեցին։
Այս պահին խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արմեն Աշոտյանը փորձում է հանդարտեցնել ցուցարարների ու ոստիկանների կրքերը` կանխելով բախման վտանգը։
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիանները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։