ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է` 2018-ին, երբ նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրներն էին բողոքի ակցիաներ իրականացնում, ոստիկանությանը հրաման չի եղել նման անհամաչափ ուժ կիրառել։ Ընդդիմադիրների հետ փողոցում գտնվող Օսիպյանն այս մասին ասաց «5-րդ ալիքի» հետ զրույցում։
«Կան ոստիկաններ, որոնք իրենց գործառույթին հավատարիմ են, կան ոստիկաններ էլ, որոնք հատուկ հրահանգ են կատարում և վախենում են կորցնել իրենց պաշտոնները։ Սակայն գերակշիռ մասը գիտակից է։ Նրանք, ովքեր բիրտ ուժ են կիրառում, վստահ եմ` կգա ժամանակը, և պատասխանատվություն կկրեն»,- ասաց Օսիպյանը։
Նա կոչ արեց իր նախկին գործընկերներին զերծ մնալ սադրանքներից, չկատարել ապօրինի հրամաններ և կանգնել քաղաքացիների կողքին։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։