ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Ադրբեջանի կողմից պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
Նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ–ԱՄՆ համագործակցության շրջանակներում USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող նորարարական և կայուն զարգացման ծրագրերին՝ նպաստելու երկրում ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։