ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանական ուժերին կանգնել ժողովրդի և պետության կողքին։
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ նա նաև հայտնեց, որ ոստիկաններից մեկի ուսադիրը հայտնվել է վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ իրականացնող անձանցից մեկի մոտ։
«Մենք այս ուսադիրները հարգող ենք, նաև պաշտպանող ենք։ Ի տարբերություն Նիկոլի, մենք պետությունը կազմաքանդող չենք։ Մենք սա (ուսադիրը) գետնին գցող չենք, ելույթից հետո էլ կհանձնեմ ոստիկանությանը` մեկ անգամ ևս հասկացնելով, որ մենք նրանց հետ հարց չունենք»,- նշեց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց հավաքվածներին ծափահարել ոստիկանությանը, և բոլորով սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը Նիկոլ չի»։
ԱԺ փոխխոսնակը խոստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսադիրները տապալել գետնին։
Հիշեցնենք` մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այսօր առավոտյան մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում ընդդիմադիրները փողոցներ էին փակել։ Բերման էին ենթարկվել մոտ 250 մարդ, նրանց մեծ մասն ավելի ուշ ազատ էր արձակվել։
Ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հերթական հանրահավաքը։ Նրանք երթով հասան Հանրապետության հրապարակ և կրկին գնացին Ֆրանսիայի հրապարակ։