ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչներ՝ հայր և որդի, վիճել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, ծեծել նրանց, որից հետո ուժ են կիրառել ոստիկանների նկատմամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով, ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչներ՝ հայր և որդի, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև, երբ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակիցների:
Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: