Մայիսի 3-ից փողոցները կրկին կփակվեն. ընդդիմադիրները կմնան Ֆրանսիայի հրապարակում

Ընդդիմադիրները ճանապարհ են փակել
Կփակվեն նաև հանրապետության մարզային ճանապարհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանում և ամբողջ Հայաստանում մայիսի 3-ից կվերսկսվեն անհնազանդության ակցիաները, կփակվեն փողոցները, ինչպես նաև հանրապետության մարզային ճանապարհները։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ պլանավորել ենք, մի բան էլ ավելին առաջ է գնում։ Այսօր մի փոքր հարց կար, ժողովուրդը մոտենում էր ու հարցնում, թե ուր գնան, ինչ փողոց փակեն։ Վաղը` 08։15-ից, կրկին սկսում ենք անհնազանդության ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը։ Մյուս քաղաքացիներն էլ 8։30-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ կձևավորենք խմբեր, ու յուրաքանչյուրս մի ուղղությամբ կգնանք»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` արդեն իսկ ձևավորված խմբերն իրենք կորոշեն, թե որ փողոցներն ու խաչմերուկներն են փակելու։ ԱԺ փոխխոսնակը կարևորեց բոլորի ներկայությունը, քանի որ, նրա խոսքով, այսօր այն հատվածներում, որտեղ խմբերը շատ են եղել, ոստիկանությունը չի կարողացել խոչընդոտել ակցիայի իրականացումը։
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք մեքենայով են, թող այն վարեն առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ և լուսացույցի տակով անցնելիս էլ 3-5 վայրկյան սպասեն, հետո շարժվեն, որպեսզի մեխանիկորեն պարալիզացվի քաղաքը»,- ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմությունը հորդորեց չկենտրոնանալ միայն մայրաքաղաքի վրա և վաղ առավոտից փակել նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ միայն Երևանում։
Նա բուհերի ուսանողներին կոչ արեց շարունակել դասադուլները, իսկ դպրոցականների ծնողներին հորդորեց երեխաներին դասի չուղարկել, գործադուլ հայտարարել ու միանալ պայքարին։
Հիշեցնենք` մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այսօր առավոտյան մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում ընդդիմադիրները փողոցներ էին փակել։ Բերման էին ենթարկվել մոտ 250 մարդ, նրանց մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել։
Ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հերթական հանրահավաքը։ Նրանք երթով հասան Հանրապետության հրապարակ և կրկին գնացին Ֆրանսիայի հրապարակ։