ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը «Դիմադրություն» շարժման մասնակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Նրան ակնհայտ ապօրինի կերպով և քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են, և ԱԱԾ-ն կրկին կալանքի միջնորդությամբ դիմել է դատարան։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 10-ի իրադարձությունների մասով Գերասիմ Վարդանյանն անցնում է քրեական գործով, 1 անգամ ԱԱԾ քննչական մարմինը փորձել է հասնել կալանավորման, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը։ Այժմ էլ նոր քաղաքական իրողությունների պայմաններում կրկին փորձում են մեկուսացնել պայքարի շարքերից մեր նվիրյալ ու հայրենասեր տղերքից ամենաակտիվներից մեկին»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով` Վարդանյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներով է։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եռակողմ հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ։ Մի խումբը ներխուժել էր կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ Մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որին տեղափոխել էին հիվանդանոց։
Գերասիմ Վարդանյանն անցնում է Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով, սակայն դաշնակցականը հերքում է իր առնչությունն այդ դեպքին։