ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԵՊՀ-ն։
«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,- նշված է գառման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են։ Իսկ երեկ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նա դասադուլի ու գործադուլի կոչ էր արել։
Երևանյան մի շարք բուհեր ևս իրենց սոցիալական ցանցերում գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ իրենց մոտ դասապրոցեսը նորմալ է ընթանում։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից նույնպես հայտնել են, որ բոլոր դասընթացները ընթանում են բնականոն հունով։
«Դասախոսներին և ուսանողներին տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի հետ կապված դժվարությունների և խցանումների պատճառով դասընթացները կարող են սկսվել որոշ ուշացումներով»,- նշել են ԵՊԿ-ից։
Իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքէջում գրելով, թե դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, հավելել են, որ այն ուսանողները, որոնք զգուշավորություն են դրսևորել և ի սկզբանե բուհ հասնելու մտավախություն ունեցել, դասախոսների հորդորով դասապրոցեսին միացել են հեռավար ձևաչափով։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Ժամը 14-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։