ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկի գլխին հարվածող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նշենք, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ ինչպես է ոստիկաններից մեկը բռուցքով հարվածներ հասցնում նրանցից մեկի գլխին:
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։