ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այսօրվա ժամը 14։ 00-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 244 քաղաքացիներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Նշենք, որ մինչ այդ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտից Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։