Բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ. Սաղաթելյան

Բողոքի ակցիաներ Երևանում
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ ոստիկաններն այս ընթացքում անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության խաղաղ ակցիաների 226 մասնակիցներ։
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Բաժիններից անընդհատ արձագանքում են, մեր ընկերները ողջունում են մեզ։ Այս պայքարն անկասելի է»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նաև հայտարարեց, որ ոստիկաններն այս ընթացքում անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Նշենք, որ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման ենթարկվածների մասին պաշտոնական տեղեկություն չի տրամադրում։ Իսկ ժամը 9։40-ի դրությամբ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, թե բերման ենթարկվածների թիվը 125 է։
Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
Բերման ենթարկելու հիմքը, ըստ ոստիկանության, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ քաղաքացիները փակում են փողոցները։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու միջոցով փորձում են վերականգնել երթևեկությունը։