Ավստրիան, Հունգարիան ու Սլովակիան հետ են կանչել ԵՄ-ի էմբարգոյի վետոն ՌԴ-ից նավթի նկատմամբ

Սլովակիան ու Հունգարիան դեմ են եղել ռուսական նավթի մատակարարումների շուտափույթ արգելքին՝ խիստ կախվածության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ավստրիան, Հունգարիան ու Սլովակիան հետ են կանչել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոյի վետոյի իրենց իրավունքը։ Տեղեկությունը հաղորդում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ZDF հեռուստաալիքին:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի տեղեկատվության համաձայն, որին հղում է անում հեռուստաալիքը, կարևոր գործոն է դարձել էմբարգոյին աջակցելու մասին Գերմանիայի կառավարության որոշումը: Սլովակիան ու Հունգարիան խիստ կախվածության պատճառով դեմ են եղել նավթի ռուսական մատակարարումների շուտափույթ արգելքին:
Ավելի ուշ իրազեկ աղբյուրը պարզաբանումներ է տվել ավստրիական APA գործակալությանը Վիեննայի դիրքորոշման վերաբերյալ։ «Ոչ մի վետո չկար։ Պատժամիջոցների 6-րդ փաթեթի շուրջ անդամ պետությունների հետ խորհրդակցությունները շարունակվում են, որոշումը դեռ չի ընդունվել», - հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսը հայտնել էր, որ Բեռլինը կողմ է ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելուն, սակայն «մի քանի ամիս կպահանջվի»՝ մատակարարումների դադարեցմանը նախապատրաստվելու համար:
Իսկ Հունգարիայում ավելի վաղ հայտարարել էին, որ Բուդապեշտը չի աջակցի Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման դեմ եվրոպական պատժամիջոցներին, քանի որ դա էական վնաս կհասցնի հենց Եվրոպային:
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։