Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել

Արմեն Աշոտյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Անհնազանդության ակցիաներին միացած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է ինքը` Աշոտյանը։
«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգու բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք»,- գրել է նա։
Աշոտյանն արձանագրել է, որ պայքարը շարունակվելու է։
Նշենք, որ 9։40-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 125 մասնակիցներ։
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։