Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը հուշագիր են ստորագրել

Արարատ Միրզոյան
Էնթոնի Բլինկենը կարծում է, որ հուշագիրը կարող է նպաստել ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում։
Փաստաթուղթը ստորագրել են Բլինկենն ու Միրզոյանը, որն աշխատանքային այցով է մեկնել Վաշինգտոն։
«Այս հանդիպումների նպատակների մեծ մասը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը վերսկսելն է, որը դադարեցվել էր Covid-ի պատճառով։ Սա շատ կարևոր գործիք է, որի միջոցով մենք կարող ենք շարունակել խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները, զարգացնել համագործակցության և փոխգործակցության նոր ոլորտներ, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք դա անել հիմա: Միևնույն ժամանակ մենք ստորագրում ենք միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որը նաև համագործակցության նոր ուղիներ է բացում ԱՄՆ-ի համար Հայաստանում, և կարծում եմ` կարող է նաև նպաստել մեր միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,– ասել է Բլինկենը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպում կունենա նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ։