ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանության հեռատեսությունը, խիզախությունն ու ճկունությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Նա այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում։

«Գովելի են վարչապետի և նրա կառավարության (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ.) կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, շարունակվող առաջընթացը։ Երախտագիտությունս եմ հայտնում հեռատեսության, խիզախության և ճկունության համար, որոնք վարչապետն ու Հայաստանը դրսևորել են այս գործընթացում` ձգտելով նրան, ինչ բոլորս ենք ուզում, այն է` կայուն խաղաղություն»,– ասել է Բլինկենը։

Նա կարևորել է Միրզոյանի հետ համագործակցությունը` նշելով, որ աշխատանքներ են տարվում երկու երկրի հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:
Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպում կունենա նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ։
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը հուշագիր են ստորագրել