ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր իսկ հռչակած հեղափոխության սկզբունքներին և արժեքներին դավաճանելու մեջ։
«Նա իշխանության էր եկել ժողովրդավարություն հաստատելու, իշխանության թևերը տարանջատելու և հավասարակշռելու լոզունգով, սակայն մենաշնորհել է ողջ պետական համակարգը։ Նա իշխանության է եկել կոռուպցիան արմատախիլ անելու լոզունգով, սակայն շարունակում է վերարտադրել ու հովանավորել այն, նա ձախողել է նաև խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ձևաչափի շրջանակում»,- նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա` արտաքին ուժերի միջև վերածելով հնարավոր ռազմական բախման մարտադաշտի։
Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ինչպես նաև ժողովրդի վստահությունը վայելող, կամային, պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած ժամանակավոր կառավարություն ձևավորելը։ Նա ընդգծեց, որ այս ամենը մեկ մարդու, մեկ խմբի, մեկ կուսակցության գործ չէ` պետք է համախմբվեն բոլորը։
«5165»-ի ներկայացուցիչը կոչ արեց այդ ամենին հասնելու համար գնալ Ֆրանսիայի հրապարակ, դուրս գալ փողոց և պայքարել։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։