«Սադրիչներ ու զինված խմբեր փնտրեք Նիկոլի շրջապատում». Իշխան Սաղաթելյանը` հանրահավաքի մասին

Նա ընդգծեց, որ հանրահավաքին իրենք մասնակցելու են երեխաների և ընտանիքի մյուս անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին միացող քաղաքացիներին հորդորեց ոչ մի պարագայում չտրվել սադրանքների։
Նա այս մասին հայտնեց «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերով։
«Այս ընթացքում, երբ ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանությունները փորձում են սադրանքների, ինչպես նաև ինֆորմացիոն տեռորի դիմել` լուրեր տարածելով, թե զինված խմբեր կան, անկարգություններ են սպասվում։ Մարդկանց նման միջոցներով ցանկանում են վախեցնել, որպեսզի չգան հանրահավաքին։ Իշխանությունների և Նիկոլի նման պահվածքը բնական է` հերթական սուտն ու կեղծիքն է։ Մենք այս հանրահավաքին գալու ենք մեր ընտանիքների, երեխաների հետ, քանի որ սա համազգային և համաժողովրդական պայքար է»,- նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց` ժամը 16։00-ին կիրականացվի պատմական հանրահավաք, և այն լինելու է շատ վճռական ու մասշտաբային։ «Դիմադրություն» շարժման անդամը հորդորեց սադրիչներին, զինված խմբերին ու անկարգություններ անողներին փնտրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում։

ՀՀ իրավապահ մարմիններին` դատախազությանը, ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը, կոչ արեց չտրվել Փաշինյանի ճնշումներին ու ապօրինի հրահանգներին։
«Մենք իրականացնելու ենք սահմանադրական մեր իրավունքն ու կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ այս ամենն անկասելի է, ու ժողովրդի պահանջը պետք է իրականություն դառնա»,- ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։