Մեր առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է. նախագահը շնորհավորել է Աշխատանքի օրվա առթիվ

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ` մաղթելով արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն։ Հայերս միշտ աչքի ենք ընկել բացառիկ աշխատասիրությամբ, բարեխղճությամբ, հմտությամբ, գործարար և ստեղծագործ հատկանիշներով։ Աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները, իրավամբ, ունեն աշխատելու, ստեղծելու և արարելու բարի համբավ, իրենց ոլորտներում հասնում են հաջողությունների՝ վայելելով համընդհանուր հարգանք և վստահություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահն ընդգծել է, որ այսօր Հայաստանի համար առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է՝ տնտեսության զարգացումը, երկրի կարողությունների ընդլայնումը, և այդ ճանապարհին անհրաժեշտ է գործի դնել ազգային այն որակները, որոնք գնահատում և որոնցով հիանում է ողջ աշխարհը։
Նա շեշտել է` ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը, գործազրկության և աղքատության հաղթահարումը շարունակում են արդիական մնալ ՀՀ–ում։
«Անելիքները շատ են և, այդուհանդերձ, առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը»,– ասել է ՀՀ նախագահը։
Նա կարևորել է նաև պետության և գործարար համայնքի համագործակցության զարգացումը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության բարձրացումը։