Մայիսի 1-ին Երևանում անցկացվեց ընդդիմության՝ վերջին տարիների ամենազանգվածային հանրահավաքը։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական տարբեր ուժեր, որոնք վերջին օրերին ապակենտրոն բողոքի ակցիաներ ու երթեր էին անցկացնում, այսօր միացան մայրաքաղաքի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։
Այստեղ եկան նաև «Դիմադրություն» շարժման կողմնակիցների 4 խմբերը, որոնք քայլերթեր էին սկսել Հայաստանի համար խորհրդանշական վայրերից՝ Իջևանից, Սարդարապատից, Տիգրանաշենից ու Ապարանից։
Բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է՝ հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի, և այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու «միջազգային գործընկերների խնդրանքի» մասին։ Փաշինյանի թիմի մի քանի ներկայացուցիչներ նույնիսկ հավանական համարեցին Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում։
Հանրահավաքին մասնակցել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրտսեր որդու ու դստեր հետ։