Հոգևորականները հանդարտության պահպանման համար ներկա կլինեն ընդդիմության հանրահավաքին

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին լինել զգոն ու ցուցաբերել խիստ պատասխանատվություն, չտրվել սադրանքների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հոգևորակնները մայիսի 1-ին ժամը 16։00-ին ներկա կլինեն ընդդիմության կազմակերպած՝ Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի նպաստեն հանդարտության մթնոլորտի պահպանմանը։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` ի պատասխան հանրահավաքին իրենց մասնակցության մասին ԶԼՄ-ների հարցերին։

«Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունը մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար։ Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»,- նշել է քահանա Արթենյանը:

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին լինել զգոն ու ցուցաբերել խիստ պատասխանատվություն, ինչպես նաև զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Նշենք, որ մայիսի 1-ին, ժամը 16։00-ին ընդդիմությունը` «Դիմադրություն», «5165» և «Ազատագրական» շարժումների անդամաները, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները կլինեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանրահավաք կանցկացվի։