Հնչեց նոր զարթոնքի զանգը. Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը` հանուն Արցախի և Հայաստանի։
«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի սկզբում մի քանի արձանագրում արեց և հիշեցրեց անցնող 1 շաբաթվա իրադարձությունները։
«Անցնող 1 շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։
Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունենում Ֆրանսիական հրապարակում հանրահավաքի մասնակիցների առջև (1 մայիսի 2022), Երևան։
Երկրորդ արձանագրումն այն է, որ հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց, և ամբողջ աշխարհին ասաց` ինքն է իր երկրի ու ապագայի տերը, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին։ Փաստել ենք նաև, որ հայ ժողովրդի ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ։ Մի քանի օր առաջ մենք նաև արձանագրեցինք, որ մայիսի 1-ը հայ ժողովրդի համար պատմական օր է` հայ ժողովրդի զարթոնքի օրն է և մեր միասնականության, համախմբվածության, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` թեպետ արդեն ցույց են տվել օրվա կառավարությանը, որ վերջինս մանդատ չունի, այժմ էլ պետք է ցույց տալ, որ չունի նաև իշխանություն։
«Շատ կարճ ժամանակում պետք է կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկել։ Սա է մեր առջև դրված խնդիրը, և այսօր պատմական օր է, և մենք փաստեցինք` հայ ազգը ծնկի չի եկել, այլ ծնկի էր եկել մի խմբակ, որը երկիրը տարավ պարտության»,- շեշտեց «Դիմադրության» անդամը։
1 / 3

Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունենում Ֆրանսիական հրապարակում հանրահավաքի մասնակիցների առջև (1 մայիսի 2022), Երևան։

2 / 3

Ֆրանսիական հրապարակում հանրահավաքի մասնակիցները (1 մայիսի 2022), Երևան

3 / 3

Ռոբերտ Քոչարյանը, նրա դուստր Գայանեն և Արմեն Չարչյանը՝ Ֆրանսիական հրապարակի հանրահավաքում (1 մայիսի 2022), Երևան

Հանրահավաքի անդամները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև տարբեր գրություններով պաստառներ, օրինակ` «Շուշին հայկական է»։
Նրանք միասնաբար երգեցին նաև «Զարթնի՛ր, լաո՛» երգը՝ փոքր-ինչ փոփոխված բառերով։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Այդ ընթացքում ընդդիմադիրները մայրաքաղաքում բազմաթիվ բողոքի ակցիաներ ու իրազեկման երթեր են անցկացրել։