Հայաստանը հայտնվել է մայիսին ռուսաստանցիների կողմից ամենապահանջված տուրփաթեթների ցանկում

Հայաստանում հանգիստը համարվում է ոչ միայն անվտանգ, այլև էժան ՌԴ զբոսաշրջիկների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի -Sputnik. Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների կողմից ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների հնգյակում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ozon Travel-ին։
Մասնավորապես, նշվում է, որ արտասահման պատրաստվում են մեկնել հիմնականում Նովոսիբիրսկի բնակիչները՝ 17 տոկոս, Մոսկվայի ու Կազանի բնակիչները՝ 6-ական տոկոս, ինչպես նաև պետերբուրգցիները՝ 5 տոկոս:

«Արտասահմանյան ուղղությունների թոփ-հնգյակում ընդգրկվել են Հայաստանը, Թուրքիան, Իսրայելը, ԱՄԷ-ն ու Ղրղզստանը»,- նշված է հրապարակման մեջ:

Ընդ որում, մայիսյան տոների ժամանակ ծովափնյա հանգիստ է ընտրել հարցման մասնակիցների միայն 9 տոկոսը, 45 տոկոսը նախընտրում է հանգիստը բնության գրկում անցկացնել, ևս 15 տոկոսը պատրաստվում է քաղաքային էքսկուրսիաների մասնակցել: Ռուսաստանի քաղաքացիները նշել են, որ մայիսյան տոներին ուղևորությունները չպետք է չափազանց թանկ լինեն։
Նշենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանը Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիների համար պահանջված ուղղություններից է դարձել: Հայաստանում փետրվարի վերջից մինչև ապրիլի 1-ը բացվել են ռուսական կապիտալով 520 ՏՏ ընկերություններ։ Մարտի վերջի տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան է ժամանել 70-75 հազար մարդ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի մոտ 4,5 հազար քաղաքացիներ հաշիվներ են գրանցել հայաստանյան բանկերում։ Ռուսաստանի 938 քաղաքացիներ Հայաստանում գրանցել են ԱՁ, ևս 268-ը՝ ՍՊԸ: