ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Ապրիլի 30-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ կորպորացիաների միջև շախմատային Գրան պրիի առաջին փուլը:
Մեկնարկ են դուրս եկել 22 թիմեր (4 հիմնական խաղացողներ + պահեստային խաղացող), որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի ժուռնալիստների միության շախմատային թիմը: Շախմատի լրագրողների թիմում են Վադիմ Մկրտչյանը և Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»), Արարատ Պետրոսյանը («Հայաստանի Հանրապետություն»), Նորայր Շողիկյանը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա):
Մասնակիցները խաղացին 6 տուր, յուրաքանչյուր պարտիան 10 րոպե տևողությամբ (ամեն քայլի համար 2 վայրկյան հավելումով):
Առաջին տեղը գրավեց «Սոֆտ Կոնստրակտ-1» թիմը, որը հավաքեց 11 թիմային միավոր (19 անհատական): Երկրորդ տեղը՝ «ՀՀ իրավաբաններ-1» թիմը՝ 10 միավոր (14,5), երրորդը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը՝ 8 միավոր (15,5):
Լրագրողների հավաքականը մեկ քայլ էր հետ բրոնզե մեդալներից, սակայն վերջին տուրում կրած պարտությունը թիմին 8-րդ հորիզոնական իջեցրեց:
Մրցաշարը բաղկացած է հինգ փուլերից, որոնցից վերջինը կկայանա դեկտեմբերին: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ «Door» ապրանքանիշի ու ArLeAM ընկերության հովանավորությամբ: