Հրդեհ է բռնկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Բելգորոդի մարզի օբյեկտներից մեկի տարածքում: Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Երեք մունիցիպալիտետների՝ Բորիսովի ու Բելգորոդի շրջանների և Յակովլևի քաղաքային օկրուգի սահմանին՝ ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել»,- գրել է Գլադկովը:
Բելգորոդի մարզպետի խոսքով՝ տուժածների ու ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անվտանգությունն ապահովելու համար:
Ենթադրաբար՝ պայթեցվել է զինամթերքի պահեստը։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 67-րդ օրը։