Այս պայքարը ձեր ապագայի համար է. Վանեցյանը` ընդդիմության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ

Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացվել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ արեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ոտքի կանգնել և մայիսի 2-ից միանալ ավելի մեծ պայքարի։
Վանեցյանի պնդմամբ` այդ պայքարը երկրի ապագայի համար է։
«Այս ամենը կարճ է տևելու, սակայն չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին։ Դիմում եմ ուսանողներին, երիտասարդներին` բոլորդ եկե՛ք ու միացե՛ք այս պայքարին, ձեր երկրի ապագայի համար է»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց` ընդվզելու վերաբերյալ սկսել է ավելի լուրջ մտածել ու անմիջապես գործել է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը պետք է իջեցնել կամ հնարավոր էր կանխել 44-օրյա պատերազմում այդքան զոհեր ունենալը։ Վանեցյանը հենց այդ պահին հասկացել է, որ պետք է դուրս գալ ու վերջ տալ տիրող իրավիճակին։
Հավաքվածները սկսեցին վանկարկել` «Ուսանո՛ղ, ոտքի՛», «Երիտասա՛րդ, ոտքի՛»։
Հիշեցնենք՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացվել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 17-ից։