Վրաստանը հետաքրքրված է համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ընդունել է Դարչիաշվիլիին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի ընդունելության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկօրյա աշխատանքային այցով ՀՀ-ում է Իլյա Դարչիաշվիլին։

«Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Փաշինյանը։

Վրաստանի ԱԳ նախարարը Փաշինյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է այդպիսի նախաձեռնությունները, ծրագրերը: Նա հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման քայլերը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանման և տնտեսական փոխգործակցության զարգացման ջանքերը։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարն արդեն իսկ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։