ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Եթե ընդդիմությունն իշխանության գա, ապա Արցախի հարցում առաջին անելիքը պետք է լինի այն, որ եղածը պահպանի և կասեցնի միակողմանի զիջումները։ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե իշխանության գալու դեպքում Արցախի հարցում ընդդիմությունն ի՞նչ քայլեր է անելու։
«Պետք է արագ վերականգնենք մեր հարաբերություններն արտաքին գործընկերների հետ, խորացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բացի այդ, ռուս խաղաղապահների հետ պետք է հստակ պայմանավորվածություններ ունենանք, որպեսզի ապահովվի Արցախի մնացյալ տարածքի և այնտեղ ապրողների անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով` պետք է նաև դիվանագիտական ճանապարհով քայլեր արվեն Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, ինչպես նաև վերականգնվեն արտաքին քաղաքականության դիրքերը։
Վանեցյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց՝ բացի Ռուսաստանից և Ֆրանսիայից, ՀՀ-ին ոչ ոք չի աջակցում։ Նա շեշտեց` օրակարգում պետք է լինի Արցախի հարցը, քանի որ իրենք չեն համարում, որ Արցախի հարցը լուծվել է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։