Սեպտեմբերից Կապանի ուսումնական հաստատություններում պարսկերեն կդասավանդեն

Կապան
Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավ» ճանապարհի` Սյունիքով անցնող հատվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հայտնել է, որ սեպտեմբերից Կապանի համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Տեղեկությունը հրապարակվել է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ ընդունել է Զոհուրիին։ Քննարկման հիմնական թեման եղել է Կապանում բացվելիք հյուպատոսությունը։
«Իրանական կողմը խոսել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի` Սյունիքով անցնող հատվածի հանդեպ հետաքրքրվածության մասին ու տեղեկացրել, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։