«Ազատագրական շարժումը» Հանրապետության հրապարակ հավեր էր բերել «Ազատագրում վախկոտներից և վախկոտությունից» խորագրով ակցիային։
Ոստիկանները փորձում են բռնել հավերին։
© Sputnik / Aram Nersesyan
Այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը հայտնեց, որ դա կեղծ տոն է համարում։
«2018-ին, երբ այս իշխանությունը երկրի գլուխ բարձրացավ, բոլորի մեջ վախ սերմանեցին։ Վախկոտների ղեկավարմամբ էլ 2020-ին մենք պատերազմում պարտվեցինք, ինչի համար էլ ուզում ենք ՀՀ քաղաքացիներին ասել, որ պետք է ազատագրվեն վախերից»,- ասաց նա։
Զոհրաբյանը նշեց, որ հավերը վախի խորհրդանիշ են։
Հանրապետության հրապարակ բերված հավերը
© Sputnik / Aram Nersesyan
Հավերի վրա ամրացված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երգիծանկարները։ Շարժման համահիմնադրի խոսքով` ոստիկանները հիմա էլ պետք է հավերին բերման ենթարկեն, քանի որ իրենց շարժման անդամներին այդ երգիծանկարի համար բերման էին ենթարկում։
Ոստիկանները ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահագն Չախալյանին։
Վահագն Չախալյան
© Sputnik / Aram Nersesyan
Հավելենք, որ մինչ հավերն ազատ զբոսնում էին և փորձում պաշտպանվել թափառող շան հարձակումներից, հրապարակում հնչում էր Պիպո Ֆրանկոյի «Կի-կի-կի» հայտնի երգը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։