ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Զորքերի հայելային հետքաշման գաղափարը միայն քաղաքական հիմքեր ունի, մասնագիտական հենք չկա։ Քաղաքացիների հետ հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Հարց է առաջանում, թե որտեղից պետք է հետ քաշենք մեր զորքերը, մինչև ուր պետք է գնանք, մեր բնակավայրերն ում հույսին ենք թողնելու։ Դրանից բացի, այդ հայելային հետքաշումը վերաբերում է միայն Հայաստան ներխուժումների՞ն, թե՞ առհասարակ ՀՀ երկայնքով ապօրինի տեղակայումներին»,– ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր հայտարարություններով անելով, թե ադրբեջանցիները տեղակայվել են ադրբեջանական հողերում, վնասում են մեզ։
Արման Թաթոյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Ըստ Թաթոյանի` պետք է ամեն ինչ անել, որ գործող իշխանությունների խոսքերը միջազգային ասպարեզում զրկվեն լեգիտիմությունից։ Նա վստահեցրեց` եղել են դեպքեր, երբ միջազգային գործընկերներից մեկին ասել է, որ պետք է ադրբեջանական ԶՈւ–ն դուրս գա հայկական տարածքներից, և իրեն պատասխանել են, թե այդ ձեր պաշտոնյաներն են ասել, որ դրանք ադրբեջանական հողեր են։
Թաթոյանը նշեց, որ երբ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները հայտնվեցին ՀՀ գյուղերի և ճանապարհների մոտ, որպես Մարդու իրավունքների պաշտպան այդ հարցերը բարձրացնելու համար ճնշումների տակ հայտնվեց։
Հարցին, թե արդյոք միանալու է ընդդիմության բողոքի ակցիաներին և վաղվա հանրահավաքին, նա պատասխանեց, որ ավելի է ակտիվացնելու իր հանրային գործունեությունը և շարունակելու է այս ձևաչափով հանդիպումները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի նոյեմբերի 17-ին ԱԺ–ում մեկնաբանել էր, թե ինչու է իր հրապարակային ելույթներում Գորիս–Կապան ավտոճանապարհի մի հատվածը կոչում Էյվազլի–Չայզանի հատված։ Նրա խոսքով` որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում։ Նա փաստացի ասել էր, որ Էյվազլի–Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ։