Կարևոր է Մինսկի խմբի դերը ԼՂ կարգավորման առաջմղման գործում. Միրզոյանը` Դարչիաշվիլիին

Իլյա Դարչիաշվիլին ու Արարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանը` ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն այդ հարցում։ ՀՀ արտգործնախարարը հանդիպման մանրամասները ներկայացրեց լրագրողներին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երկօրյա աշխատանքային այցով ՀՀ-ում է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն ուղղված հարցերին։ Գործընկերոջս հանգամանալից կերպով ներկայացրել եմ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունությանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։

Նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերը ԼՂ հակամարտության ուղղված կարգավորման առաջմղման գործում։ Անդրադառնալով հումանիտար հարցերին` Միրզոյանը գործընկերոջը հայտնել է, որ, ցավոք, շարունակվում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները, և Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին պատանդառության տակ պահել։
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության` Ադրբեջանի կողմից պղծմանը։ Վերջին նման դեպքը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումն է և, ըստ Միրզոյանի, վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, Միրզոյանը նշեց` 2 երկրների բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա։ Նա հիշեցրեց, որ այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ՀՀ–ն մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։ Սրա հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը։
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան: