Պաշտոնական Թբիլիսին հասկացել է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն, որպեսզի իրենք խաղաքարտ չդառնան և կարողանան ցույց տալ, որ լինելով Արևմուտքի դաշնակիցը գլոբալ ուկրաինական ճգնաժամում` այդուհանդերձ ունեն որոշակի մտահոգություններ և չեն ուզում որևէ կերպ հակամարտել ՌԴ-ի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Ուկրաինայում շահագրգիռ են ՌԴ-ի դեմ որևէ տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու հեռանկարով, Մելիքյանն ընդգծեց, որ թե՛ Երևանը, թե՛ Թբիլիսին անվտանգությանն առնչվող իրենց ընդհանուր մոտեցումները պետք է առաջ տանեն, որոնք, բնականաբար, բխում են երկու երկրների պետական ու ազգային շահերից։
«Տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին Հայաստանն ու Վրաստանը պետք է առավելագույնն անեն, որպեսզի երկրորդ ճակատ բացվելու հավանականությունն այստեղ բացառվի, և մեր տարածաշրջանից ուշադրությունը շեղվի ուրիշ ուղղությամբ»,- ասաց վրացագետը։
Մելիքյանի կարծիքով` պետք է երկուստեք տարվի ակտիվ դիվանագիտական աշխատանք, որի շրջանակում շատ կարևոր է այն, որ Վրաստանի նորընտիր արտգործնախարարը գնաց Բաքու և հիմա պաշտոնական այցով եկել է Երևան, ինչը, ըստ Մելիքյանի, ևս մեկ լավ հնարավորություն է օրակարգային հարցերը քննարկելու և մեր տարածաշրջանում տարբեր գործընթացների վերաբերյալ մոտեցումներն ընդհանրացնելու համար։
Փորձագետի խոսքով` տարածաշրջանային կայունություն բոլորին է պետք, հետևաբար, Վրաստանի ու Հայաստանի շահերից չի բխում Ադրբեջանի ու Թուրքիայի ավելի ակտիվացումն ու ուժեղացումն Անդրկովկասում։
Նշենք, որ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով է ժամանել Հայաստան և հանդիպումներ է ունեցել, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան: