Հանուն ուսադիրների չպետք է սադրանքի գնան. Իշխան Սաղաթելյանը` ոստիկանությանը և ԱԱԾ-ին

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանի խոսքով` տեղեկություններ ունեն, որ իշխանությունը սադրանքների է դիմելու, ընդդիմությանը տեռորիստներ է համարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն և ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության կողմից։ Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի ու ոստիկանության այսօրվա հաղորդագրություններին։
ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ-ում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ կան, և հորդորել է տուրք չտալ հնարավոր սադրանքներին։ Ոստիկանությունն իր հերթին հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին կոչ է արել զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։

«Ակնհայտ է` ԱԱԾ-ին և ոստիկանությանը ճնշելու են, որ ապօրինի կերպով քայլեր և գործողություններ իրականացնեն ընդդիմության, խաղաղ անհնազանդության բողոքի դուրս եկածների նկատմամբ։ Ուզում եմ իրավապահներին զգուշացնել` չգնալ այդ քայլին, քանի որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ ձեզ ևս մասնակից դարձնի ապօրինություններին»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` պետք է պատկան մարմինները մնան իրենց լիազորությունների և օրենքի սահմաններում։ Ուստի, հանուն ուսադիրների չպետք է սադրանքի գնան։ Սաղաթելյանի խոսքով` տեղեկություններ ունեն, որ իշխանությունը սադրանքների է դիմելու, ընդդիմությանը տեռորիստներ է համարելու։ Նա իրավապահներին հորդորեց զբաղվել Նիկոլ Փաշինյանի «սադրիչ խմբերով»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք է հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Վանեցյանն այսօր հայտարարեց, որ մայիսի 1-ից ընդդիմությունը անցնում է պայքարի երրորդ` վճռական փուլին։ Վաղվանից սկսած` բոլոր ուժերը, որոնք ապակենտրոն պայքար էին մղում, միավորվելու են։