ԵՄ-ն առաջարկելու է, որ մինչև տարեվերջ ռուսական նավթի արգելք սահմանվի

Նավթային հարթակ
Մյուս առաջարկները, որոնք կարող են պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս դառնալ, սահմանափակումներ են ներառում խորհրդատվական ծառայությունների և ամպային տեխնոլոգիաների հիման վրա ծառայությունների, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԵՄ-ն պատրաստվում է առաջարկել, որ մինչև տարեվերջ արգելք սահմանվի ռուսական նավթի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Ավելի վաղ New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ երկրները ռուսական նավթի փուլային էմբարգոյին հավանաբար հավանություն կտան հաջորդ շաբաթ:

«Եվրամիությունը մտադիր է առաջարկել մինչև տարեվերջ արգելել ռուսական նավթը, մինչ այդ աստիճանաբար ներմուծման սահմանափակումներ կմտցվեն»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրների՝ մյուս առաջարկները, որոնք կարող են պատժամիջոցների հաջորդ փաթեթի մաս դառնալ, սահմանափակումներ են ներառում խորհրդատվական ծառայությունների և ամպային տեխնոլոգիաների հիման վրա ծառայությունների, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։