Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել

Արագած Ախոյան
Փաստաբանի խոսքով` մեղադրանքի պատճառը Ախոյանի «լայվերից» մեկում հայտնած կարծիքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

«Մեղադրանքի էությունը փաստացի այն է, որ Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է՝ արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն: Բնականաբար, ես այդ մտքի հետ համաձայն եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

Նա խնդրել է քննչական մարմնին հրապարակել ամբողջական մեղադրանքը և Ախոյանի ցուցմունքը։ Փաստաբանը վստահեցրել է, որ ինչպես ինքը, այնպես էլ Ախոյանը դրա դեմ չեն առարկում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Այդ դեպքից հետո ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` Արագած Ախոյանը, բերման էին ենթարկվել: