ԱԱԾ-ն հերքում է. իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է մամուլի հրապարակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն վստահեցնում է, որ իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան։
Անժելա Թովմասյան
Մամուլում լուրեր են տարածվել, որ այս գիշեր ԱԱԾ-ի անվան տակ որոշ մարդիկ փորձել են մտնել Թովմասյանի բնակարան, սակայն նա դուռը չի բացել։

«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Կառույցը Անժելա Թովմասյանին հորդորում է դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն։