ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ոստիկանները ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանի և Գեղամ Մանուկյանի որդիների նկատմամբ բռնի ուժ են կիրառել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղամ Նազարյանը։
«Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Արմենակի, Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ-ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն` Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել և հարվածում էին»,- գրել է պատգամավորը։
Նրա խոսքով` որդու նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաև ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռնաշղթաներով է եղել։
«Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել և հայհոյել են ոստիկանները նաև ոստիկանական ավտոմեքենայում։ ԵՊՀ ռեկտո՛ր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարևոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսնե՛ր, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին»,- նշել է Նազարյանը։
Ըստ պատգամավորի` Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։
«Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ և պաշտպանեմ Աշոտիկին և Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ»,- գրել է պատգամավորը։
Նա նաև հայտնել է, որ Արմենակն արդեն ազատության մեջ է, տղան նաև բուժզննում է անցել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29-ին բողոքի ակցիաները վերսկսվեցին։