Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 6 ԱԹՍ և «Տոչկա-Ու»-ի 3 հրթիռ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք և «Տոչկա-Ու» համալիրի 3 հրթիռ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է վեց ուկրաինական անօդաչու թռչող սարք` Զավոդի, Սեմյոնովկա, Ռուբեժնոյե, Չերվոնիյ Օսկոլ, Սուխայա Կամեննայա և Լյուբիմովկա բնակավայրերի մոտ», - ասել է նա:
Բացի այդ, օրվա ընթացքում օդում խոցվել է 3 ուկրաինական «Տոչկա-Ու»–ի հրթիռ` Իզյում, Նովայա Դմիտրովկա, Սուխայա Կամեննայա բնակավայրերի, ինչպես նաև «Սմերչ» համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկեր` Տոպոլսկոյե բնակավայրի շրջանում:
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, ռուսական հրթիռային զորքերը Ադամովկայի շրջանում ոչնչացրել են ուկրաինական «Բուկ-Մ1» ԶՀՀ-ի արձակման կայանքը:
«Հրթիռային զորքերն օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի 3 ռազմական օբյեկտ։ Ոչնչացվել են «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանքը` Ադամովկայի շրջանում, ինչպես նաև Ուկրաինայի օդուժի ՄԻ-24 ուղղաթիռը` Չուգուևի շրջանի տարածքում», - ասել է Կոնաշենկովը:
Գեներալը հայտնել է նաև, որ ռուսական ավիացիան բարձր ճշգրիտ հրթիռներով մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ։
«Դրանց թվում է 20 դասակային հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 շրջան, վառելիքի պահեստ` Վոլնոյե Պոլե բնակավայրի շրջանում, ռադիոլոկացիոն կայան` Պեչենեգի շրջանում», - ասել է նա։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան իր հերթին խոցել է Ուկրաինայի 22 ռազմական օբյեկտ: Դրանց թվում է 5 դասակային հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 13 շրջան, ինչպես նաև հրթիռահրետանային սպառազինության և վառելիքի 4 պահեստ` Սևերոդոնեցկ, Չերվոննոյե և Բելոգորյե բնակավայրերում:
Ռուսական հրետանին ոչնչացրել է 5 կառավարման կետ, 13 հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 64 շրջան, ինչպես նաև հրետանու 7 դիրք:

«Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 200 ազգայնական, 32 միավոր զրահատեխնիկա և տարբեր նշանակության ավտոմեքենաներ», - հավելել է նա:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 142 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 640 անօդաչու թռչող սարք, 279 զենիթահրթիռային համալիր, 2646 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 305 կայանք, դաշտային հրետանու 1184 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2475 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 65-րդ օրը։