ՌԴ-ն վերացնում է ռուսաստանցիների` Հայաստան մեկնելու սահմանափակումը, այդ թվում՝ Վրաստանով

Որոշումը կայացվել է համավարակի իրավիճակի կայունացումը հաշվի առնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մայիսի 16-ից վերացնում է ռուսաստանցիների` պետական սահմանով Հայաստան, Ղրղզստան, Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետություններ մեկնելու սահմանափակումները։
Տեղեկությունը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Կայացած քննարկման արդյունքում և հաշվի առնելով համաճարակաբանական իրադրության կայունացումը, որոշում է ընդունվել 2022 թվականի մայիսի 16-ից հանել պետական սահմանի հատման մի շարք սահմանափակումներ։ Այսպիսով, Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ վերացվում է Հայաստանի քաղաքացիների (այդ թվում՝ ռուս-վրացական սահմանով) ու Ղրղզստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: