ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանական ստորաբաժանումների` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն Ադրբեջանի ստորաբաժանումների դուրսբերումը իրենց պատասխանատվության գոտուց։
Սա, նրա խոսքով, կարևոր խնդիր է, այդ թվում՝ արցախցիների համար` գնահատելու անվտանգության երաշխիքների այն համակարգը, որը այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։