Պայքարի արդյունքը կախված է յուրաքանչյուրիցս. մեկնարկել է Վանեցյանի և իր կողմնակիցների երթը

Ապրիլի 30-ին նրանք երթ չեն իրականացնելու, Վանեցյանը հանդես կգա ասուլիսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից մեկնարկեց իր կողմնակիցների երթը։
«Որևէ մեկին շնորհակալություն չենք հայտնում գալու համար, սակայն ողջունում ենք։ Այս պայքարի արդյունքը կախված է յուրաքանչյուրիցս։ Մի քանի օր է՝ մարզերից գալիս են մեր ընկերները, Գյումրիից էլ է երթ մեկնարկել, որը շատ բազմամարդ է, նրանք էլ են գալիս Երևան»,- նշեց Վանեցյանը։

Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին երթ չեն իրականացնելու, սակայն ինքը հանդես կգա ասուլիսով և կամփոփի բողոքի ակցիաների 1-ին և 2-րդ փուլերը, ինչպես նաև կխոսի 3-րդ` ավելի վճռական փուլի մասին։

Նա խնդրեց ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ին, ժամը 15։30-ից սկսած ոչ մի գործ չնախատեսել, քանի որ այդ օրը գործը պետք է լինի մեկը` հայրենիքը հանել դժվարին պայմաններից, ժողովրդին էլ վերադարձնել իր արժանապատվությունը։
Երևանի Չարենց-Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն ու Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցները միացան ու շարունակեցին քայլել։
Այսօր վաղ առավոտից տարբեր ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Ակցիաների մասնակիցները փակել են Երևանի տարբեր փողոցներ, իրականացրել իրազեկման աշխատանքներ։ ՀՀԿ-ականներն էլ ավտոերթ էին կազմակերպել, միառժամանակ փակել Մաշտոցի պողոտան։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։