ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Շուրջ 8 հազար բրիտանացի զինվորականներ կմեկնեն Հյուսիսային և Արևելյան Եվրոպա` զորավարժությունների մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky News-ին։
Նշվում է, որ առավել մեծ թվով զինվորներ կտեղափոխվեն ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։
«Այդ զորավարժությունների ընթացքում մեր զորքերը կմիավորվեն ՆԱՏՕ-ի և Միացյալ էքսպեդիցիոն զորքերի դաշնակիցների և գործընկերների հետ` համերաշխություն և ուժ ցուցադրելով սառը պատերազմից հետո կազմակերպվող ամենախոշոր համատեղ վարժանքներից մեկում»,- հեռուստաալիքը մեջբերում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքը։
Ցամաքային զորքերից բացի, Ֆինլանդիայից մինչև Հյուսիսային Մակեդոնիա սփռվող երկրներում տասնյակ բրիտանական տանկեր և ավելի քան 100 մարտական զրահամեքենաներ կտեղակայվեն։ Բրիտանական ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ռալֆ Վուդիսն ասել է, թե զորավարժությունների հիմնական նպատակը ռուսական ագրեսիան զսպելն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 65-րդ օրը։