ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 26-ին և 27-ին ազատվել է իր ընկերության 4.4 միլիոն բաժնետոմսերից: Նա դրանք վաճառել է գրեթե 4 միլիարդ դոլարով։ Տեղեկությունը հայտնում է CNBC-ն։
Դրանից հետո միլիարդատերն իր Twitter-ում գրել է. «Այսօրվանից Tesla-ի հետագա վաճառքներ չեն նախատեսվում»։
Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը։
Գործարարն ասել է, որ սոցցանցի ակտիվները գնելու նպատակը ոչ թե կոմերցիոն շահն է, այլ հասարակական հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն կվայելի ամբողջ աշխարհում և խոսքի իրավունք կտա յուրաքանչյուրին։
Մեկ օրում նրա կարողությունը նվազել է 29 մլրդ դոլարով։ Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի արժեզրկումն է։ Մասկի կարողությունը կազմում է 246,2 միլիարդ դոլար, և նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Ապրիլի 28-ին Մասկը կատակել էր, որ կգնի Coca-Cola ընկերությունը, որպեսզի կոկաինը նորից վերադարձնի խմիչքի բաղադրության մեջ։