ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները լիազորագիր տվեցին իրենց փաստաբան Վահան Հովհաննիսյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի մոտ բարձրանալու և իրենց մտահոգող հարցերը բարձրացնելու համար։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Մենք լիազորագիրը տվեցինք, հիմա Հովհաննիսյանը կբարձրանա, կասի մեր հարցերը, հետո էլ մեզ կասի՝ ինչ ու ոնց եղավ։ Իրենք էդքան տղա չեն, չեն իջնում»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ներկա պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված գլխավոր դատախազության շենքի առջև, իսկ ծնողներն, արդեն շուրջ 1 ժամ է՝ ինչ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը։
Զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ (29 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Օրերս, երբ ծնողները հերթական անգամ դատախազության շենքի առջև էին, նրանց հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և առաջարկեց, որպեսզի 10 հոգով բարձրանան ու ներկայացնեն իրենց մտահոգությունները։ Ծնողները հրաժարվեցին` ասելով, որ իրենք բոլորով պետք է բարձրանան ու տեղեկանան` արդյոք իրենց ներկայացրած պահանջ-դիմումին ընթացք տրվելո՞ւ է, թե՞ ոչ։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն, արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին։
Այնտեղից Sputnik Արմենիային հայտնել են, որ ստացել են միջնորդությունը, սակայն կոմիտե գնացած ծնողներին փոխանցել են, որ այն չեն ստացել։ Վերջիններս այդ պատճառով կրկին վերադարձել են գլխավոր դատախազության շենքի մոտ։