Կիևը սադրանք է նախապատրաստել Պիսկունովկա գյուղում ` ՌԴ-ին մեղադրելու համար. ամփոփագիր

Ուկրաինայի զինված կազմավորումները՝ թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում, շարունակում են քաղաքացիական ենթակառուցվածքը օգտագործել հենակետեր սարքելու և ծանր սպառազինության տեղակայման համար, նշել է ռուս գեներալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կիևի վարչակազմը նախապես հերթական սադրանքն է պատրաստել համաշխարհային հանրության առջև ռուս զինվորականներին վարկաբեկելու նպատակով, հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«ԴԺՀ-ի Պիսկունովկա բնակավայրում, տնտեսական-խմելու ջրի մատակարարման ջրառի մոտ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները հրետանային մարտկոց են տեղակայել (երեք հատ Դ-30 հաուբից), որի խնդիրն է Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան կրակ հրահրել ջրառի ուղղությամբ, որի ոչնչացման դեպքում առանց ջրամատակարարման կմնա 27 բնակավայր՝ ավելի քան 15 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ», - ասել է Միզինցևը։
Նրա խոսքով՝ այդ սադրանքը «Կիևի իշխանությունները մոտ ժամանակներս մտադիր են օգտագործել ռուս զինծառայողներին խաղաղ քաղաքացիների հանդեպ իբր գործած վայրագությունների համար մեղադրելու նպատակով` ուկրաինական և արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում հետագա լայն լուսաբանմամբ»:
Գեներալը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված կազմավորումները՝ թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում, շարունակում են քաղաքացիական ենթակառուցվածքը օգտագործել հենակետեր ստեղծելու և ծանր սպառազինության տեղակայման համար։

«ԴժՀ-ում` Սվյատոգորսկում, ազգայնական գումարտակների գրոհայինները հրետանային հրանոթներ և ՀԿՌՀ-ներ են տեղակայել Սվյատո-Ուսպենսկայա մենաստանի տարածքում։ Վանքում ավելի քան 100 քաղաքացիական անձ կա (հոգևորականներ, փախստականներ)»,-ասել է Միզինցևը։

Պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի ղեկավարը հավելել է, որ Կրամատորսկում` Ուկրաինայի հերոսների և Կորոլյովի փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերի վերին հարկերում, նեոնացիստները կրակակետեր են կահավորել, իսկ բնակիչներին բռնի ուժով պահում են իրենց բնակարաններում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 65-րդ օրը։